Քրիստոնեական ընկալման համաձայն մերձավորի հանդեպ սիրո, կարեկցանքի, և գթասրտության զգացումներ են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն։ Ըստ Ավետարանի մեր մերձավորն այն մարդն է, ով ունի մեր կարիքը, նաև նա, ով անշահախնդիր հոգ է տանում մեր մասին (Ղուկ. 10։ 30-37):
Ահա այս պարզ գիտակցումից ոգեշնչված, Արցախի համար օրհասական ժամանակահատվածում, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի խումբ քրիստոնյա արցախցիներով 2023թ. սեպտեմբերի 9-ին նախաձեռնել ենք հիմնել «Ընծա» սոցիալ-հոգևոր–հոգեբանական կենտրոնը։ Մեր նպատակն է կամավորական հիմունքներով՝ համագործակցությամբ սոցիալական պաշտպանության համակարգի այլ դերակատարների հետ համախմբել բոլոր նախանձախնդիր մարդկանց, ովքեր իրենց գաղափարներով, ֆինանսական, բարոյական աջակցությամբ կարող են հոգալ նեղության մեջ գտնվող մերձավորների կարիքները:
Բարեգործությունը սիրո դրսևորումն է կարիքավորի հանդեպ, քանզի ողորմածությունը դիտարկվում է որպես կատարյալ վարքի դրսևորում, կենսակերպ, որը հաճելի է Աստծուն և որի համար Աստված վարձահատույց է լինում:
«Քանի որ կարիքավորները անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. «Քո աղքատ եղբոր և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր»:
— Deuteronomy 15:11