Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման ողորմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր- թալանչու էությանը:
Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, եւ ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար: Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:
Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները:
-
Տապալել են Ստեփանակերտի մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը
-
Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում իրականացնում են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ. հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները
-
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին օգտագործում են որպես պահեստ` տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար
- Ավերել են Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը, ինչը կանգնեցվել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին









