Քաշաթաղի շրջան (Բերձոր)
Քաշաթաղի շրջանն Արցախի Հանրապետության ամենամեծ շրջանն է. ընդհանուր տարածքը կազմում է 3376 քառ. կիլոմետր: Արևմուտքում շրջանը սահմանակցում է Հայաստանի հետ, իսկ հարավում՝ Արաքս գետով, անցնում է Իրանի հետ պետական սահմանը: Շրջկենտրոնը Բերձոր քաղաքն է, որը հիմնադրվել է հին հայկական բնակավայրերի տեղում: Քաշաթաղով է անցնում Երևան-Ստեփանակերտ մայրուղին: Շրջանի տարածքով հոսում է Աղավնո գետը:
Շրջանը հարուստ է հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանցից ամենահայտնիներն են Ծիծեռնավանքը, Սուրբ Համբարձումի եկեղեցին, XIX դարի եկեղեցին Տանձատափ գյուղում և Մելիք Հայկազի պալատը:
Քաշաթաղի շրջանի տարածքում 2002-2003թթ. գիտական սպելեոլոգիական (քարանձավային) արշավախմբի կողմից քարանձավների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են 5 ժայռային եկեղեցի, 4 պաշտպանական կառույց և 30-ից ավել բնակելի համալիր: Հայտնաբերված կառույցներից ամենանշավորներից են հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի (XII դ.) նկարագրած վանական համալիրներ Կրոնը (Կրոնք) և Հոչանցը, ինչպես նաև՝ մ.թ.ա 7-րդ դարի սեպագիր մակագրությամբ քարանձավը: 2010-ին շրջանի տարածքում նաև հայտնաբերվել է մի պահոց, որում պահպանվել էին 112 ոսկյա, արծաթյա և բրոնզե իրեր:
Բացի ճարտարապետական հուշարձաններից, շրջանը հայտնի է նաև իր բնական ռեսուրսներով՝ խիտ կուսական անտառներով և լեռնային գետերով: