Հադրութի շրջան
Հադրութի շրջանը զբաղեցնում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածը:
Հադրութ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հադրութն իր կարևորությամբ երկրորդն էր Շուշիից հետո:
Հադրութի շրջանը, որը Հայոց պատմության մեջ հայտնի է նաև Դիզակ անունով համարվում է բացօթյա թանգարան: Շրջանը հայտնի է մի շարք վանական համալիրներով և եկեղեցիներով, հին բնակավայրերով և ամրոցներով:
Հյուսիսում Հադրութը սահմանակցում է Մարտունի, Ասկերան և Շուշի շրջաններին, իսկ արևմուտքում՝ Քաշաթաղին: Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քառ. կմ-ից քիչ ավելի: Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով։
Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետը։ Արաքսով է անցնում նաև ԱՀ պետական սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հադրութի շրջանի արևելյան սահմանը հանդիսանում է Ադրբեջանի հետ պետական սահման։
Շրջանի հարավային և հարավարևելյան հատվածները համեմատաբար հարթավայրային են: Սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով պատված լեռնային գոտիներն ընկած են հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:
Հայտնի դերասան Վ. Փափազյանը Հադրութ կատարած այցի ժամանակ ասաց հետևյալ արտահայտությունը, որը դարձավ հայտնի թևավոր խոսք. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է»: