ՍԲ. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՐԴՈՐԸ

ՍԲ. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՐԴՈՐԸ

ՍԲ. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈՐԴՈՐԸ

Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդ

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդի կազմում ընդգրկված 12 անդամները 2021թ.-ից յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, որպես կանոն հավաքվում են և նախանշում անելիքները։ Մարտի 31-ին կայացավ ծխական խորհրդի հերթական ժողովը։ «Հայր մեր» տերունական աղոթքից հետո Տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ Խորհրդի անդամները քննարկեցին եկեղեցու, համայնքային կյանքին վերաբերող և կազմակերպչական մի շարք հարցեր։

Ելնելով Արցախում ստեղծված բարդ ու ծանր իրավիճակից` Տեր Մինաս քահանա Մովսիսյանը անդրադարձավ եկեղեցու առաքելությանը, ներկայիս պայմաններում Խորհրդի անելիքներին։ Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ եկեղեցին պետք է համախմբի մարդկանց, փարատի բացասական տրամադրվածություններն ու ուղղորդի ճիշտ ճանապարհով։ Ատենապետ Արայիկ Խաչատրյանը ներկայացրեց հավատացյալների մտահոգությունները՝ կապված մեր երկրի բարդ իրավիճակի հետ, և խիստ կարևորեց աղոթքի ամենօրյա հերթապահությունները։ Առաջարկվեց ապրիլի 1-ից էլ սկսել երկրի անվտանգության և խաղաղության համար հերթապահության աղոթքները, և Տեր Մինաս քահանան հորդորեց բնակչությանը միանալ նախաձեռնությանն ու աղոթք, աղաչանք բարձրացնել առ Աստված։ Ինչպես արդեն հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, ապրիլի 11-16-ը ներառյալ՝ երեկոյան ժամը 19։00-ին, կկայանա միասնական աղոթք՝ արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար, իսկ ապրիլի 2-ին՝ ժամը 17։00-ին, հանուն Արցախի խաղաղության Թեմը հրավիրում է ազգաբնակչությանը եկեղեցիներ՝ ապաշխարության և խաղաղության աղոթքի համար։

«Կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը լինել զգոն, աղոթել և հավատքով հաղթահարել այս դժվարին իրավիճակը, չընկճվել, չտկարանալ, չհուսահատվել, այլ մոտենալ Աստծուն ոչ միայն հավատով, այլ նաև կյանքով, գործով։ Այս իրավիճակը մեզ համար քննական շրջան է և մենք չպիտի տկարանանք, այլ հավատքի մեջ հաստատվենք, Աստծով զորանանք։ Աստված պահպանի և զորակցի բոլորիս»,-դիմեց Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը։