Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական խոսքը Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի կապակցությամբ
Սիրելի քահանա հայրեր, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Սրբոց Ղևոնդյանց քահանաների այս լուսավոր տոնի առթիվ:
Տարիներ շարունակ չի նվազել հայոց պատմության խորքից եկած մեր վճռական պայքարը հանուն մեր բազմադարյա Եկեղեցու և մեր սուրբ հայրենիքի գոյության պահպանման: Այդ դժվար, բայց իմաստալից ճանապարհին հոգևորականն ու զինվորականը կողք կողքի անձնվեր պայքար են մղել, և պատահական չէ այս օրը համարվում քահանաների տոն:
Սիրելի քահանա հայրեր և մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր զավակներ, քաջ գիտակցելով Ձեր ուսերին դրված պատվաբեր, բայց միաժամանակ նաև պարտավորեցնող պատասխանատվությունը, աղոթում եմ, որպեսզի Տերը քաջ առողջություն, անսպառ ուժ և անսասան կամք շնորհի Ձեզ: Հայցում եմ Սրբոց Ղևոնդյանց բարեխոսությունը Ձեր արևշատ և արգասաբեր տարիների համար:
Աղոթքով և օրհնությամբ